Ես Արմինե Սահակյանն եմ ,ունեմ երեք երեխա։Ղեկավարում եմ «Մենք Կարող ենք» հասարակական կազմակերպությունը։Միջնեկ տղաս՝ Հրաչյան,ունի սովորելու դժվարություններ։ Սկսեցինք հաճախել դպրոց ,երբ դեռևս ոչ բոլոր դպրոցներն էին ներառական կրթություն իրականացնում։Չէի էլ պատկերացնում,թե ինչպես է նա սովորելու դպրոցում,ինչպես է նստելու դասին,ինչպես է շփվելու դասընկերների հետ։Բայց մի բան հստակ էր,նա պիտի գնար դպրոց բոլորի հետ հավասար։Տղաս ուներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք,ուներ վարքային խնդիրներ, և դասապրոցեսին նրա մասնակցությունը բավականին դժվար էր։Սկսեցինք դասին նստել հինգ րոպե,հետո քիչ-քիչ ավելացնում էինք ժամանակը։ Հետո ուսուցչուհին ինձ այլևս թույլ չէր տալիս լինել դասարանում տղայիս կողքին,ուզում էր ,որ նա ինքնուրույն դառնա։Սկզբում մտածում էի ,որ եթե սովորի տառերն ու թվերը,դա հրաշք կլինի ու ես ինձ բավարարված կզգամ ։Ժամանակի ընթացքում հասկացա,որ դրանք իմ ցանկություններն էին,իսկ Հրաչյայի կարողություններն այլ էին։Տառերն ու թվերը նրա համար լոկ նշաններ էին։Հրաչյան պետք է կրթություն ստանար,բայց ինչպես։Ես ընկճվում էի,և շատ հեշտ կարող էի հիասթափվել,եթե չլինեին բազմամասնագիտական թիմի անդամներն ու Հրաչյայի առաջին ուսուցչուհին՝ ընկեր Շամիրյանը,ով ոգևորում էր մեզ և անընդհատ նոր մեթոդներ փնտրում։Բանավոր դասերը Հրաչյայի մոտ լավ էին ստացվում։Տարիներ անց միայն հասկացա,որ պետք էր հենվել նրա ուժեղ կողմի վրա,և ոչ թե անդադար շտկել ու շտկել։Հրաչյան շատ ակտիվ էր,նրա ուշադրությունը գրավելը՝շատ բարդ։ Որպեսզի նրա համար դասը հետաքրքիր և մասնակցային դառնա,մի թեստ մտածեցի ,որն ամբողջովին նկարներից էր բաղկացած և համապատասխանում էր տվյալ դասին։Քննարկեցինք թեստն ուսուցչուհու հետ,նա զարգացրեց այն ու սկսեց աշխատել Հրաչյայի հետ այդ թեստի օգնությամբ։Թեստի հարցերը գունավոր նկարներից էին բաղկացած , և ուշադրություն էին գրավում։Հետագայում առարկաների մեծ մասը Հրաչյան սովորում էր այս մեթոդով։

Մի քանի տարի առաջ թեստերի մասին պատմեցի մեր կազմակերպության լավ ընկեր ծրագրավորող Արկադի Քալանթարյանին։Նա մտածեց և առաջարկեց ստեղծել թեստերի համակարգչային տարբերակը,քանի որ երեխաները սիրով են օգտվում համակարգչից՝ անգամ ,երբ գրելու և կարդալու դժվարություններ ունեն։ Անունն էլ առաջարկեց Արեգակ դնել։Գաղափարն ինձ շատ դուր եկավ։ Այն մեր մտքում էր երկար ժամանակ։Իսկ կյանքի կոչվեց մեր լավ գործընկերոջ ՝ ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական կազմակերպության աջակցությամբ։Ստեղծվեց աշխատանքային խումբ,որում ընդգրկվեցին Հ․Գ․Թ․ թեկնածու դոցենտ Արմեն Բեջանյանը,Հրաչյայի առաջին ուսուցչուհին ՝Լարիսա Շամիրյանը,հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ,Մենք Կարող ենք կազմակերպության հիմնադիր անդամներ Աննա Մովսիսյանն ու Արմինե Ավագյանը,և ես։Իսկ ծրագիրը ստեղծեց ծրագրավորող Արկադի Քալանթարյանը։ Արեգակ զարգացնող կրթական վեբ-հավելվածը բոլոր երեխաների համար է՝անկախ առանձնահատկություններից, սովորելու դժվարություներից և տարիքից։Հուսամ ծրագիրն օգտակար կլինի Ձեր երեխաներին ՝ուսուցանող,գրավիչ,կտա նոր գիտելիքներ,կձևավորի համակարգչից օգտվելու նոր կարողություններ։

Ինչու ԱՐԵԳԱԿ,որովհետև Արեգակը հույսի և լույսի աղբյուր է․․․․

Արմինե Սահակյան, «Մենք Կարող ենք» ՀԿ նախագահ, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող



«Մենք Կարող ենք» հասարակական կազմակերպության գործունեությանը ծանոթացա համացանցից։ Մի օր եկա, և այլևս դարձա այս մեծ ու ջերմ ընտանիքի անդամը։ Շատ սիրեցի բոլոր երեխաներին, և մտածում էի, թե ինչ կարող եմ անել նրանց համար՝ հետաքրքիր, օգտակար ուսուցանող։ Քանի որ մասնագիտությամբ նաև լուսանկարիչ եմ, առաջին նախագիծը եղավ լուսանկարչական դասընթը, որը երեխաներին շատ դուր եկավ։ Մտավախություններս շատ էին, բայց դրանք հոդս ցնդեցին, երբ առաջին իսկ գործնական պարապմունքից հետո տեսա երեխաների արած լուսանարները։ Ունեցա լուսանկարչական երկու խումբ։

Կազմակերպության հիմնադիր անդամների հետ շփումներից ինձ համար նոր բացահայտումներ էի անում երեխաների, նրանց առանձնահատկությունների, կարիքների մասին։ Ինձ համար ամենամեծ բացահայտումն եղավ այն, որ կան երեխաներ, ովքեր ունեն գրելու կարդալու դժվարություններ, բայց կարողանում են և շատ են սիրում օգտվել համակարգչից։ Երբ իմացա կազմակերպության նախագահ Ա․ Սահակյանի ստեղծած թեստերի մասին, ու այն մասին, թե ինչպես է նրա տղան՝ Հրաչյան սիրով սովորել դրանց օգնությամբ, մտածեցի, որ թեսթերի հիմքով կարելի է ստեղծել վեբ-հավելված՝ նկարներից և խոսող ձայնից, ինչը կդառնա ուսուցանող այլընտրանքային մեթոդ երեխաների համար։ Որոշ ժամանակ անց իմ երազանքն իրականություն դարձավ, ստեղծվեց ԱՐԵԳԱԿ զարգացնող կրթական վեբ-հավելվածը։ Հավելվածի ստեղծման աշխատանքները բավականին բարդ էին, բայց ես և մեր թիմն աշխատել ենք մեծ սիրով և հույսով, որ այն օգտակար և հետաքրքիր կլինի մեր երեխաների համար։

Արկադի Քալանթարյան, ծրագրավորող, «Արեգակ» վեբ-հավելվածի հեղինակ