Սույն ձեռնարկի նպատակն է աջակցել ծնողներին, մանկավարժներին և երեխաների հետ աշխատող այլ մասնագետներին ապահովելու ժամանցային զարգացնող, ուսուցանող միջավայր երեխաների համար:

Ձեռնակը իրենից ներկայցնում է տարիքայն համապատասխանությամբ մշակված ենթաթեսթերի համախումբ, որում ըդգծված են իմացական ոլորտի տարբեր բաղադրիչներին ուղղված հարցեր և առաջադրանքներ:

Այս փաթեթը նախատեսված է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման համար: Այն կարող է կիրառվել հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում: Փաթեթը կարող է ծառայել երեխաների ուղղորդմանը՝ անհատական ծրագրերով և անհատական ուսումնական պլաններով աշխատանքների ընթացքում:

Հ.Գ.Թ. դոցենտ Արմեն Բեջանյան



Սույն հավելվածի նպատակն է խաղ-ուսուցման միջոցով նպաստել դպրոցականների հետաքրքրությունների ձևավորմանը, նրանց բազմակողմանի զարգացմանը և պատկերացումների շրջանակի ընդլայնմանը:

Ներառված խաղերում երեխան դիտում, համեմատում, համադրում, դասակարգում է առարկաները, կատարում իրեն հասանելի վերլուծություն, համադրություն: Ընդ որում, ուսուցողական խնդիրը սովորողից գաղտնի է մնում, և իրեն թվում է, թե ինքն ուղղակի խաղում է:

Առաջադրված հարցերը հնարավորություն են տալիս երեխաների մեջ ինքնակամորեն զարգացնելու այնպիսի հոգեկան գործընթացներ, ինչպիսիք են` ուշադրությունը, հիշողությունը, հնարամտությունը, կռահունակությունը:

Ելնելով ուսուցանվող թեմայի բնույթից դասի տարբեր փուլերում կարելի է կիրառել հավելվածը` թեթևացնելով նաև երեխայի ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածությունը:

"Ուրախացի'ր երեխայի գոյությամբ, սովորի'ր նրանից, լսի'ր նրան և խաղա' նրա հետ":

Սա ճշմարտացի, դարերով փորձված և ապացուցված իմաստություն է: Խաղը զգացմունքների արտահայտման և շրջապատող իրականության ճանաչման հզոր միջոց է:

Երեխան լրջորեն է վերաբերվում խաղին և նույնպիսի մոտեցում էլ պահանջում է շրջապատից:

Խաղի ժամանակ երեխայի մոտ ընդարձակվում է հետաքրքրությունների շրջանակը:

Սույն հավելվածի հիմնական խնդիրն է երեխաների այդ հետաքրքրություններին տալ որոշակի ուղղություն և ձևավորել ճանաչողական հատուկ հետաքրքրություն: Հավելվածում ներառված հարցերն այնպիսինն են, որ կարելի է կիրառել մաթեմատիկայի, մայրենիի, ես և շրջակա աշխարհը դասընթացների ժամանակ: Ամենակարևորը` խաղ-ուսուցման ժամանակ երեխան պետք է դառնա գործող անձ և պետք է զգա, որ գիտելիքների բարձունքն ինքն է նվաճում` ուսուցչի կամ ծնողի աջակցությամբ:

Լարիսա Շամիրյան. ուսուցչուհի